Սինգապուրի համալսարանում անցկացված ուսումնասիրություները ցույց են տվել, որ սիրահարվածությունը կարող է ավելի համեղ դարձնել ձեր դեսերտը: Բացի այն, որ «սեր» բառը մեզ մոտ ասոցացվում է քաղցրի հետ, ռոմանտիկ մտքերն էլ կարող են ստիպել ավելի քաղցր ընկալել այն, ինչը մենք ուտում ենք կամ խմում:

Ուսումնասիրության մասնակիցներին խնդրել էին համեմատել սիրո կամ խանդի հետ կապված էմոցիաները տարբեր համերի հետ` քաղցր, դառը, կծու, աղի, թթու:  Հետո մասնակիցների մի խումբը պետք է պատմեր իր ռոմանտիկ հիշողություններից, իսկ մյուս խումբը խոսեր ավելի ձանձրալի թեմաներից, ասենք, Սինգապուրի հիշարժան վայրերից: Դրանից հետո նրանց առաջարկեցին գնահատել իրենց հյուրասիրված ուտելիքի համը: Նրանց, ովքեր խոսում էին երջանիկ սիրուց, ուտելիքն ավելի քաղցր էր թվացել, քան նրանց, ովքեր խոսել էին խանդից կամ հիշարժան վայրերից: Անգամ սովորական ջուրը նրանց քաղցր էր թվացել:

Հետազոտողները կարծում են, որ նման համային ընկալումները կարող են կապ ունենալ նյարդային համակարգի աշխատանքի հետ, պայմանավորված այն հանգամանքով, որ և քաղցրը և սերը ընկալվում են որպես պարգև: Հետազոտությունները ցույց են տվել, որ ուղեղի դիմային հատվածը, որը կարևոր դեր է խաղում պարգևի կանխատեսման հարցում, ակտիվանում է, երբ մարդը նայում է ռոմանտիկ զույգերի լուսանկարներին և քաղցրի համտեսման ժամանակ: Բացառված չէ, երբ մարդը սիրային հույզեր է ապրում, ուղեղի դիմային հատվածն ակտիվացնում է նաև պատկերացումներ քաղցրի մասին: Ահա նման կերպ էլ առաջանում են քաղցրի համային զգացողություններ` առանց շաքար պարունակող մթերքների օգտագործման: