«Ինչո՞ւ վարձակալել և գումարը տալ ուրիշին, երբ կարելի է գումարը տալ բանկին և վերջում սեփական բնակարան ունենալ կամ գոնե իմանալ, որ քո բնակարանի համար ես վճարում, ոչ թե՝ ուրիշին», — հաճախ այսպես են մտածում մարդիկ, ովքեր ունեն բնակարանի խնդիր և կանգնած են ընտրության առաջ՝ վարձակալե՞լ, թե գնել հիփոթեքով:

Առաջին հայացքից տրամաբանական և հոգեբանորեն ավելի հարազատ կարող է թվալ հիփոթեքի տարբերակը, սակայն նման որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ է կատարել որոշ հաշվարկներ՝ լավագույն ընտրությունը գտնելու համար, որովհետև երբեմն, ճիշտ հաշվարկի շնորհիվ, հնարավոր է երկու երնեկ մի տեղ անել՝ լուծել բնակարանային խնդիրը ներկայում և ունենալ անհրաժեշտ գումար՝ գնելու սեփական բնակարանը մոտ ապագայում:

Որպեսզի հասկանանք, թե ինչպես է ճիշտ վարվել, մեզ անհրաժեշտ է նայել որոշ թվերի, իսկ ավելի կոնկրետ՝
1. երկրում հիփոթեքի բանկային տոկոսադրույքին,
2. անշարժ գույքի վաճառքի և վարձակալության գներին այն թաղամասում կամ քաղաքում, որտեղ ցանկանում եք ձեռք բերել գույքը,
3. կանխավճարի չափին
4. Ձեր եկամուտներին ու հնարավորություններին

Նաև անհրաժեշտ է հասկանալ, որ ամեն ինչ անհատական է, և ներքևում նշված թվերը միջինացված են, դոգմա չեն ու տարբեր գորոծոնների ազդեցությամբ կարող են փոփոխվել, սակայն ընդհանուր սկզբունքը կիրառելով Ձեր անհատական իրավիճակում, կարող եք հստակ կողմնորոշվել, թե ինչպես վարվեք, որպեսզի կորուստներ չկրեք:

ՀԻՓՈԹԵՔ

Այսպես, ենթադրենք՝ ցանկանում եք երկրորդային շուկայից (ոչ նորակառույց) գնել 2 սենյականոց նորմալ վերանորոգված բնակարան Կոմիտասում, որտեղ նման բնակարանների գները միջինում 30-32մլն դրամ են, իսկ նմանատիպ գույքի վարձակալության գինը՝ միջինում 160 հազար դրամ:

Բանկերի մեծ մասը, ինչպես տեղեկանում ենք նրանց կայքերից, հիփոթեքային վարկեր տրամադրում են 180 ամսով և տարեկան միջինում փաստացի 13% տոկոսադրույքով: Օգտվելով նույն բանկերի մի քանի օնլայն հաշվիչներից՝ տեսնում ենք, որ Կոմիտասում 30մլն դրամ արժողությամբ բնակարան գնելու դեպքում, հիփոթեքի ամսական վճարումները կկազմեն 350 հազար դրամ : Բազմապատկում ենք այդ թիվը 180-ով և ստանում ենք՝

180 ամիս x 350.000 դրամ = 63.000.000 դրամ

180 ամսվա ընթացքում Դուք Ձեր բնակարանի համար վճարելու եք 63 մլն դրամ:
Ինչպես տեսնում ենք, հիփոթեքի դեպքում Դուք հավելյալ վճարելու եք Ձեր բնակարանի համար 33մլն. դրամ, իսկ դա ևս մեկ բնակարան է նույն թաղամասում:

63.000.000 դրամ – 30.000.000 դրամ = 33.000.000 դրամ

Եվ սա դեռ առանց հաշվելու լրացուցիչ ծախսերը՝ գնահատման վճար, ապահովագրական վճարներ, հիփոթեքը գրանցելու, կադաստրային վճարներ և այլն:

Հիփոթեքային վարկերի ծավալը Հայաստանի բանկերում (նշված ամսաթվերի դրությամբ): Նկարը՝ Hetq.am-ի
Հիփոթեքային վարկերի ծավալը Հայաստանի բանկերում (նշված ամսաթվերի դրությամբ): Նկարը՝ Hetq.am-ի

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Նույն գույքը 180 ամսով վարձակալելու դեպքում դուք կվճարեք 28,8մլն դրամ՝

180 ամիս x 160.000 դրամ = 28.800.000 դրամ

ինչը ավելի քիչ է, քան հիփոթեքի վճարումները, բայց բնակարանը Ձերը չի դառնա դրանից հետո: Սակայն, եթե վարկի դեպքում սահմանված 350 հազար դրամ վճարելը Ձեզ համար հարմարավետ է, Դուք ունեք դրա հնարավորությունը ու գերադասում եք ընտրել հիփոթեքը, ապա այստեղ կա թաքնված հնարավորություն, որը բաց եք թողնում:

ԹԱՔՆՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

350.000- 160.000 դրամ = 190.000 դրամ

190.000 դրամ. սա այն գումարն է, որը ամեն ամիս կարող եք տնտեսել, եթե հիփոթեքի փոխարեն վարձակալեք նույն բնակարանը: Եվ դա այն գումարն է, որի միջոցով կարող եք սկսել շարժվել դեպի սեփական անշարժ գույք ձեռք բերելու նպատակը: Եթե ամսական այդ տարբերությունը հետ գցեք, ապա 1 տարուց կունենաք 2մլն 280 հազար դրամ.

190.000դրամ X 12ամիս = 2.280.000 դրամ

Իսկ եթե այդ գումարը որպես ավանդ դնեք բանկում՝ 9%-ով, ապա մեկ տարուց դրա վրա կավելանա ևս 205.200 դրամ: Եվ այդպես, ամեն տարի Դուք կկարողանաք 2մլն 280 հազարով ավելացնել Ձեր ավանդը և 205 հազար դրամով դրանից ստացվող եկամուտը:
Ընդհանուր առմամբ, 10-ը տարուց կամ 120 ամսից, Դուք կունենաք Ձեր բնակարանի գումարը կամ, վատագույն դեպքում, դրա 80%-ից ավելին:

Երևան բնակարան վարձակալելու միջին գները: Նկարը՝ Hetq.am-ի

ԱՄՓՈՓՈՒՄ

Ամփոփելով այս ամենը՝ ստացվում է, որ վարձակալությունը ոչ միայն ավելի թեթև ֆինանսական բեռ է, քան հիփոթեքային վճարումները, այլ նաև հնարավորություն է գումար աշխատել վարձակալության և հիփոթեքային վճարումների գումարային տարբերության վրա: Ինչպես նաև, կա հնարավորություն դառնալ անշարժ գույքի սեփականատեր 60 ամիս ավելի շուտ: Միաժամանակ բացակայում են բոլոր այն ռիսկերը, որոնք կապված են հիփոթեքային վճարումները ուշացնելու հետ…

Իհարկե, հիփոթեքի և վարձակալության միջև ընտրություն կատարելիս, յուրաքանչյուրն ունենում է իր շարժառիթները: Օրինակ՝ մարդը կարող է ընտրել հիփոթեքը, որովհետև վստահ չէ իր՝ ֆինանսական կարգապահության վրա. եթե վարկի դեպքում անկախ ամեն ինչից ստիպված է առաջնահերթ վաճարել բանկին, հետո մնացած գումարով պլանավորել իր ծախսերը, ապա կուտակելու դեպքում միշտ չէ, որ պատրաստ է առաջնահերթ վճարել իր նպատակի իրագործմանը: Սակայն, ինչպես կարող ենք եզրակացնել վերևի հաշվարկից, բնակարան վարձակալողն ունի ավելի շատ ազատ գումար, խնայողություններ և հնարավորություններ, քան նա, ով հիփոթեքային վարկ է վերցրել…

Դե, իսկ եթե ունեք վարձակալությամբ տրվող բնակարան կամ փնտրում եք բնակարան վարձակալության համար, տեղադրեք անվճար հայտրարություն TopX.amկայքում և հեշտությամբ գտեք վարձով բնակարան կամ վարձակալ: